ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանին, Եգիպտոսին և արաբական այլ երկրներին կոչ է արել ավելացնել պաղեստինցի փախստականների թիվը, որոնց ընդունում են Գազայի հատվածից, որպեսզի «պարզապես մաքրեն» տարածքը, հայտնել է AP-ն։
«Կցանկանայի, որ Եգիպտոսը մարդկանց ընդուներ, պարզապես կմաքրենք այդ ամենը և կասենք՝ամեն ինչ ավարտվեց»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ խոսքը գնում է «հավանաբար մեկուկես միլիոն մարդու մասին»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ այս պահին Գազայի հատվածում «գրեթե ամեն ինչ ավերված է, և այնտեղ մարդիկ են մահանում»։
«Կնախընտրեի աշխատել որոշ արաբական երկրների հետ և կառուցել բնակարաններ ինչ-որ տեղ, որտեղ նրանք, հավանաբար, կարող են խաղաղ ապրել», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Գազայի բնակչության տեղափոխումը «կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ»:
2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հետախուզության նախարարությունն առաջարկել էր պատերազմի ժամանակ Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչների տեղափոխել։ Գործակալությունը նշել էր, որ Եգիպտոսն ու Հորդանանը կտրականապես մերժել են Գազայից փախստականներ ընդունելու գաղափարը, և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին նախազգուշացրել էր մեծ թվով պաղեստինցիների՝ Սինայի թերակղզի տեղափոխելու հետևանքների մասին: