Ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան այն մեղադրանքների, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության շքերթում ֆաշիստական ողջույն հիշեցնող ժեստ է օգտագործել, հայտարարել է, որ հոգնել է Ադոլֆ Հիտլերի նացիզմի հետ համեմատության ոգով հարձակումներից:
«Անկեղծ ասած՝ նրանք պետք է ավելի լավ կեղտոտ հնարքներ հորինեն։ «Դուք բոլորդ Հիտլեր եք» ոճի հարձակումներն արդեն ձանձրացրել են»,- գրել է նա։
Մասկը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Capital One Arena մարզադաշտում, երկու անգամ ձեռքը վեր է հանել՝ ափը բացած։ Գերմանացի նացիստներն օգտագործել են նմանատիպ ժեստ։ Մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, արգելվում է այդ ժեստի՝ որպես նացիստական խորհրդանիշի ցուցադրումը: 1892 թվականից ի վեր՝ նմանատիպ ժեստ է օգտագործվել նաև ԱՄՆ-ում՝ դրոշին հավատարմության երդման ժամանակ։
Գործարարն իր ելույթում Թրամփի հաղթանակն ընտրություններում անվանել է ոչ թե շարքային իրադարձություն, այլ մեծ նշանակություն ունեցող, քանի որ քվեարկությունը դարձել է «ճամփաբաժան մարդկային քաղաքակրթության ճանապարհին»:
«Իմ սիրտը ձեզ հետ է։ Ձեր շնորհիվ քաղաքակրթության ապագան ապահովված է։ Ձեր շնորհիվ մենք կունենանք անվտանգ քաղաքներ, պաշտպանված սահմաններ, ողջամիտ ծախսեր»,- հավելել է Մասկը։