Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությանը։
«Համաձայն պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնության՝ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմն առաջին փուլում ուժի մեջ է մտնում ժամը 11:15-ին (Երևանի ժամանակով ժամը 13:15-ին-խմբ․)»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունվարի 17-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանագիր էին ստորագրել։
ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության է եկել։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել էր շուրջ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ էին մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։