ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնտերե քաղաքի Սան Կառլոս լողափը ծովային առյուծների ներխուժման պատճառով ժամանակավորապես փակել են, հաղորդում է Reuters-ը:
Այս կենդանիներին հաճախ կարելի է հանդիպել Կալիֆոռնիայի ափերի երկայնքով, սակայն տեղի բնակիչները պատմել են, որ նման քանակի նրանք նախկինում երբեք չեն տեսել: Չնայած ցանկապատին` լողափի մոտ հավաքվում են տասնյակ մարդիկ, ովքեր ցանկանում են դիտել ծովային կաթնասուններին, որոնք հանգստանում և խաղում են ավազի ու ջրի մեջ:
Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել, թե ինչու են ծովային առյուծներն ընտրել Սան Կառլոսը: Մասնագետները ենթադրել են, որ ականջավոր փոկերին կարող է գրավել էկոհամակարգի սննդային ենթակառուցվածքի հարուստ բազմազանությունը: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ կենդանիները Մոնտերեում կմնան մոտ 3-4 շաբաթ։