Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի քաղաքի բնակիչը հանգուցյալ հոր տանը թղթադրամների գաղտնարան է հայտնաբերել, որում եղել է 23 միլիոն իտալական լիրա և այժմ փորձում է դրանք փոխանակել եվրոյով, գրում է Libero թերթը։
Գումարը թաքցված է եղել 16-րդ դարի նկարներից մեկում, որը պատկանում էր վերջերս մահացած տեղացի նկարչին: Անսպասելի գտածոյից ուրախացած՝ որդին դիմել է Իտալիայի բանկի քաղաքային մասնաճյուղ՝ նախկին ազգային արժույթը փոխանակելու խնդրանքով։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկի պաշտոնյաները տղամարդուն բացատրել են, որ լիրան չի կարող փոխանակվել եվրոյով, քանի որ դեռ 2012 թվականին լրացել է Իտալիայի իշխանությունների կողմից նման գործարքների համար սահմանված տասնամյա ժամկետը։
Այնուհետև տղան դիմել է Giustitalia ասոցիացիային, որը դատարանում պաշտպանում է այն քաղաքացիների իրավունքները, ովքեր ձգտում են լիրան եվրոյի վերածել։ Այս կազմակերպության փորձագետները պնդում են, որ եվրոգոտու բոլոր երկրներից նախկին ազգային արժույթը եվրոյով փոխանակելու տասնամյա ժամկետ է սահմանվել միայն Իտալիայում։
Բացի այդ, նրանց կարծիքով, երկրի Քաղաքացիական օրենսգրքի դրույթներից ելնելով, այդ ժամկետը պետք է հաշվարկվի այն պահից, երբ քաղաքացին ունի այդ միջոցների իրավունքը, այսինքն՝ տվյալ դեպքում՝ պահոցը հայտնաբերելու օրվանից։ Giustitalia-ի ներկայացուցիչները հայց են նախապատրաստում այս երբեմնի տպավորիչ գումարի փոխանակումն ստանալու համար, որն այժմ կազմում է շուրջ 12 հազար եվրո։