ԱՄՆ – ն և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև պայմանավորվել են համագործակցության ակտիվացման մասին՝ ՊԾԱՊՀԽ -ի երկրների պաշտպանական ներուժի բարձրացման համար:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը Ջիդդա քաղաքում կայացած ՊԾԱՊՀԽ գագաթնաժողովի արդյունքներով:
«Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են իրենց հանձնառությունը, որպեսզի Պարսից ծոցի տարածաշրջանը զերծ լինի զանգվածային ոչնչացման բոլոր տեսակներից՝ մատնանշելով Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կանխման, ինչպես նաև ահաբեկչության և ցանկացած ապակայունացնող գործունեության դեմ պայքարի ուղղությամբ դիվանագիտական ջանքերի կենտրոնական դերը», – գործակալությունը մեջբերում է հայտարարությունը:
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ համագործակցությունը ՊԾԱՊՀԽ երկրների զսպման և պաշտպանության ներուժի բարձրացման համար, ինչպես նաև քննարկել են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի, վաղ նախազգուշացման և տեղեկատվության փոխանակման համակարգերի ինտեգրման հեռանկարները:
ՊԾԱՊՀԽ – ի կազմում ընդգրկված են վեց երկրներ՝ Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան: