ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս ամիս նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել, գրում է The New York Times թերթը:
Պարբերականի տվյալներով՝ 2024 թվականի ընտրությունների համար թեկնածության վաղ առաջադրումը մասամբ նախատեսված է այն բանի համար, որպեսզի նախկին նախագահին զերծ պահի «ավերիչ մերկացումների հոսքից», որոնք բխում են 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների ժամանակ նրա դերի մասին հետաքննություններից, երբ Թրամփի կողմնակիցները դեպի Կապիտոլիումի գրոհ կազմակերպեցին՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքների հաստատումը:
Թրամփի թիմը ներկայում ակտիվորեն աշխատում է ընտրաարշավի անցկացման համար հիմնական ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, գրում է NYT-ը: Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ կրտսերը, միաժամանակ փորձում է հորը հետ պահել հապճեպ որոշումներից, որպեսզի նա ավելի շատ ժամանակ ունենա հուսալի թիմ հավաքելու և ավելի մանրակրկիտ նախապատրաստվելու նախընտրական մրցավազքին, պնդում են պարբերականի հեղինակները:
Ներկայումս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթանում են 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունների գործով լսումները: Թրամփն ինքը մեղադրել է Կապիտոլիումի գրոհը հետաքննող հատուկ կոմիտեին այն բանում, որ այն փորձում է խանգարել իրեն՝ 2024-ին առաջադրվել հաջորդ նախագահի թեկնածու։