Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև մարտի 8-ը երկարաձգել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 քաղաքների օդանավակայաններ թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում գտնվող ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մարտի 8-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը։
Գործակալության տվյալներով՝ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվում են հետևյալ օդանավակայաններով՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ, Էլիստա։ Ռուսական մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են բնականոն ռեժիմով։
Ուղևորների տեղափոխումը փակ օդանավակայաններ կազմակերպելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է կազմակերպել ուղևորների փոխադրում այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները: