Ճապոնիան Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար։
Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում:
Կառավարության որոշմամբ՝ աջակցությունը կտրամադրվի բնակչության կենսամակարդակի բարելավման, ապաստարանների վերանորոգման և բժշկական վերազինման նպատակով, ինչպես նաև օգնություն կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ICRC) միջոցով:
Հայաստանին տրամադրվելիք օգնության շրջանակում մասնավորապես նախատեսվում է բուժպատրաստվածության վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնել 6 հիվանդանոցում և բուժհաստատությունում, վերանորոգել 3 տարհանման ապաստարան, բժշկական սարքավորումներ տրամադրել 17 բուժհաստատության, վերանորոգել 15 դպրոց, տրամադրել ուսումնական պարագաներ և այլն:
Նախատեսվում է նաև այդ գումարներով մոտ 4000 մարդու ձմեռելու համար մարդասիրական օգնության պաշարներ տրամադրել, 17 բժշկական հաստատությունների բժշկական սարքավորումներ գնել, 15 դպրոցական հաստատություններ վերականգնել և նրանց կրթական պարագաներ տրամադրել: