Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 4-ին կրակ են բացել Սյունիքի ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ժամը 13:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ»,- մանրամասնել են ՊՆ-ից։
ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
2025-ի գարնանն Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակում էր Սյունիքի ուղղությումբ, վերջինը մայիսի 29-ին էր՝ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն:
Մարտի 25-ին ՊՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։