Հայաստանում «փսեվդոէլիտար մի խմբակի» ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին, սոցիալական ցանցերի իր էջերում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ 2021-ին ժողովուրդը հավատացել է, որ ապագա կա՛, իսկ այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, և ապագան այսօր է։
«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն»,- շեշտել է Փաշինյանը։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։
Հուլիսի 24-ին մամուլը գրել էր, որ Փաշինյանն Էջմիածնի Մայր տաճար մտնելու օր է սահմանել հուլիսի 26-ը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին ընդառաջ, սակայն դա տեղի չի ունեցել:
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը