Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար, X-ում հայատառ գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»։
Ըստ Մակրոնի՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հնարավորություն է տվել վերանայել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել էր Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը։