Հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ տվյալներով՝ 17-ամյա երիտասարդներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են մարզի Արավուս գյուղի հարակից հատվածի տեղանքում։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- հավելել են իրավապահ ծառայությունից։
2024 թվականի հունվարին ադրբեջանցիները գողացել էին նույն տարածքում՝ Տեղի՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ղեկավարած «Թաթոյան» հիմնադրամը 2025թ. ապրիլին ահազանգել էր, որ Սյունիքի Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո: