ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մայիսի 21-ի հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշման մասին։
«Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմամբ։ Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Երևանին լուծել այն բոլոր հարցերը, որոնք կարգավորում են պահանջում Բաքվի հետ խաղաղ համաձայնագրի լիարժեք ստորագրման համար:
«Դուք միշտ կարող եք ապավինել մեզ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և այդ ուղղությամբ ծագող բոլոր հումանիտար հարցերի լուծման հարցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի շահերը»,- ասել է Լավրովը հայ գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:
Միրզոյաննն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով։
«Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»,- ՀՀ ԱԳՆ-ից մեջբերել են Միրզոյանի խոսքը։
Լավրովը նաև հայտարարել է, որ նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։
«Մոսկվան զգալի ներուժ է տեսնում «3+3» հարթակում աշխատելու համար, որը ներկայացնում է Հարավային Կովկասի երկրների և նրանց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը»,- ընդգծել է Լավրովը:
ՀՀ ԱԳՆ-ից հավելել են, որ Միրզոյանը և Լավրովն ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։