Տարածաշրջանային համագործակցության «3+3» (մի կողմից՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, մյուս կողմից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ, 168․am-ին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ նույն շրջանակում, անհրաժեշտ պայմանների հասունացմանը զուգընթաց, հնարավոր է քննարկել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- ասել է դեսպանը։
Ըստ Կոպիրկինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար ռուսական կողմը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն ողջունել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը, պատրաստակամություն է հայտնել աջակցել հաշտեցման գործընթացի առաջմղմանը և լուծել մնացած վիճելի հարցերն այն ձևերով ու ծավալներով, որոնք պահանջված կլինեն կողմերի համար:
«Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ քննարկելու խաղաղ պայմանագրի ստորագրման վերջնագծին հասնելու հետ կապված, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, մարդասիրական խնդիրներ և այլ հարցեր»,- նշել է ռուս դիվանագետը:
Կոպիրկինի խոսքով՝ ՌԴ-ն դեմ չէ արևմտյան երկրների ցանկացած ակտիվությանը և ներկայությանը տարածաշրջանում, այլ կարևորում է, թե «ի՞նչ իրական նպատակներով ու խնդիրներով են արտաքին խաղացողները գալիս Հարավային Կովկաս»։
«Ցավոք, վաղուց ենք արձանագրել՝ տարածաշրջանում ակտիվացող արևմտյան պետությունների բարի նպատակներով հռչակագրերի հետևում թաքնված են ոչ բարի մտադրություններ»,- ասել է դեսպանը։
«3+3» ձևաչափը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջարկվել էր 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ձևաչափի նպատակն է խորացնել համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և այլ ոլորտներում, ինչպես նաև նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։
Վրաստանն, ի սկզբանե, թերահավատորեն էր վերաբերվել նախաձեռնությանը։ Պաշտոնական Թբիլիսին հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանի հետ նման ձևաչափով փոխգործակցությունն անընդունելի է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։