ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն հայտարարել է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակում» ինքը նման հաջողության հասնել չէր կարող, քանի որ իր հանդեպ հարգանքը պակասել էր։
Երկար տարիներ Հայաստանը ներկայացրած գրոսմայստերը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո: Արոնյանը հուլիսի 21-ին դարձել է Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող:
«Ես զգում էի իմ հանդեպ հարգանքի պակասը և դա ազդում է մարդու վրա։ Եթե զգում ես, որ այն վերաբերմունքը չկա, որին դու արժանի ես և որի համար միշտ պայքարել ես և եթե դու թույլ տաս, որ քեզ անարգեն, այլևս չես կարող քեզ հարգել և այդ պահին դա այն քայլն էր, որին ես պետք է գնայի, որ շարունակեի հաջողությունների հասնել շախմատում», – «Ազատություն» ռադիոկայանին այսպես է մեկնաբանել հայ գրոսմայստերը հարցը, թե շարունակեր մնալ Հայաստանում, արդյոք այսպիսի հնարավորություն կնձեռվեր։
Նրա խոսքով՝ շախմատի ոլորտում Հայաստանը ունեցել է այնպիսի դիրքեր, ինչպիսիք նույնիսկ Ռուսաստանն ու այլ երկրներ չեն ունեցել։ Սակայն, ըստ նրա, վերջին շրջանում ոլորտը սկսել են ղեկավարել մարդիկ, ովքեր սկսում են շախմատը քաղաքականացնել, մինչդեռ ինքը երբեք ցանկություն չի ունեցել ներգրավվելու քաղաքականության մեջ, և հենց այդ պահին էլ որոշել է հեռանալ։
«Երբ բնագավառ գալիս են նոր մարդիկ, որոնք ասում են այսօրվանից մենք պետք որոշենք ինչպես է լինելու, ով է լինելու առաջատարը՝ դու մտցնում ես մի իրավիճակ, որտեղ ոչ թե կարևորվում է այդ մարդու գիտելիքը, հաջողությունը, այլ կարևորվում է այդ մարդու կարողությունները դառնալ ոչ թե շախմատիստ այլ քաղաքական գործիչ», – նշել է Արոնյանը:
Նա նշել է, որ իր նպատակն է, որ Հայաստանում շախմատը չվերանա, քանի որ դա Հայաստանի մշակութային մի մեծ մասնիկ է և հայ շախմատիստները միշտ շատ ուժեղ դիրքեր են զբաղեզրել։
Խոսելով շախմատի զարգացմանն ուղղված ներկայիս կառավարության ծրագրերի մասին՝ հայ շախմատիստը նշել է, որ չի տեսնում ակտիվ քայլեր բացթողումները վերացնելու համար, և ընդգծել է, որ վերջին հինգ տարում ոլորտը շարունակական անկում է ապրում։
Արոնյանը նաև հայտնել է, որ չի պլանավորում վերադառնալ Հայաստան՝ ընդգծելով, որ իր համար այդ հարցը փակ է։ Միաժամանակ նա հայտնել է, որ պատրաստ է շարունակել աջակցել շախմատի զարգացմանը Հայաստանում։
«Ես չեմ պլանավորում։ Ես Հայաստանից չեմ հեռացել, որովհետև լավ կյանք եմ ցանկացել։ Ես Հայաստանից գնացել եմ՝ ցանկանալով օգտակար լինել շախմատ խաղալով իմ ազգին։ Իմ հետ գալը և խաղալը Հայաստանի դրոշի ներքո լուրջ չի ընդունվի իմ կողմից և դա ինձ համար փակ էտապ է, բայց ես միշտ կաջակցեմ մեր շախմատիստներին և իմ նպատակներից մեկն է տեսնել հայ չեմպիոնների և հայ լավ շախմատաին թիմի», – եզրափակել է հայ գրոսմայստերը։