Կայացել է Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչը, հայտնի են հաղթողները, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 100 մարզուհի Երևանից և Վանաձորից: Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։
Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են գրանցել Կիռա Սարգսյանը (1-ին տեղ), Եվա Մելոյանը (2-րդ տեղ) և Գայանե Փիրումյանը (3-րդ տեղ)։
Պատանիների պայքարում հաղթող է ճանաչվել Եվա Բարիկյանը։ Երկրորդ տեղն զբաղեցրել է Անի Սարգսյանը, երրորդ տեղը՝ Մերի Հարությունյանը։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ Հայաստանի արտիստիկ լողի ֆեդերացիայի նախագահ Մարգարիտա Ղազարյանը հայտնել է, որ մարզաձևը Հայաստանում շարունակում է ակտիվ զարգանալ։
«Մեր նպատակն է ընդլայնել արտիստիկ լողի հասանելիությունը՝ ստեղծելով մարզումային նոր հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում։ Առաջիկայում արտիստիկ լողի խմբակներ կհիմնվեն նաև Էջմիածնում և Գյումրիում»,- ասել է նա:
Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։