Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարի գլխավոր մենամարտում WBU վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով նվաճեց WBC Asia Middleweight գոտին՝ պարտության մատնելով թաիլանդացի Պադյոդ Կիադչարոենսիրիին, հայտնել է Սաքունից մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ մեկնարկային զանգից անմիջապես Սաքունցը լիովին վերահսկում էր մենամարտի ընթացքը՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և դիպուկ, ծանր հարվածներ հասցնելով։
«Երկրորդ ռաունդում նա որսաց պահը և վերևից ներքև իջնող ուժգին աջակողմյան աղեղաձև հարվածով խոցեց թայլանդացուն, ինչից հետո մրցավարը անհապաղ դադարեցրեց մենամարտը՝ պաշտպանելով նրան հնարավոր հավելյալ վնասվածքներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մայիսի 5-ին հայտնել էինք, որ Սաքունցը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին։
Փետրվարին Սաքունցը Չեխիայում հաղթանակ էր տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2024 թվականի նոյեմբերին նա Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել էր թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։