Ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը պաշտոնապես փոխել են իրենց մարզական քաղաքացիությունը։ Այժմ նրանք միջազգային հարթակներում կներկայացնեն Հայաստանը։ Այս որոշումը մայիսի 14-ին հաստատվել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կողմից, հայտնում է ТАСС-ը։
21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը միասին հանդես են գալիս 2020 թվականից։ Նրանք մարզվում են Սոչիում՝ օլիմպիական մրցանակակիր Ֆյոդոր Կլիմովի ղեկավարությամբ։ Կարիերայի ընթացքում զույգը դարձել է Ռուսաստանի և միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սակայն վերջին երկու մրցաշրջաններում նրանք չեն մասնակցել Ռուսաստանի հիմնական առաջնություններին։
Կարինան նշել է, որ Հայաստանը ներկայացնելու գաղափարն իր մոտ վաղուց է ծագել։ «Ես հայ եմ, իմ բոլոր նախնիները հայեր են։ Այդ մտքերը միշտ ինձ հետ էին։ Երբ նոր էի սկսում զույգերով գեղասահքը, իմ մարզիչ Ստաս Մորոզովն ասում էր, որ պետք է Հայաստանի համար հանդես գամ։ Ինձ նույնիսկ անվանում էին «տատիկ Սիրանուշ»»,- կիսվել է նա։