Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 145 կգ, 149 կգ, 153 կգ և զբաղեցրել 4-րդ տեղը, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Հրում վարժությունում Մկրտչյանը, սակայն, անհաջող մասնակցություն է ունեցել: Նա երկամարտի արդյունք չի գրանցել:
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի երկու մասնակից: Երևանի ժամանակով 22:30-ին պատանիների 96 կգ քաշի A ենթախմբում հանդես կգա Գրիգոր Ղազարյանը: Կեսգիշերն անց` ժամը 01:00-ին, երիտասարդների 89 կգ քաշայինների պայքարում հանդես կգա Վալերիկ Մովսիսյանը:
Մայիսի 2-ին 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե և բրոնզե մեդալներ էր նվաճել։ Առաջնությունն անցկացվում է ապրիլի 30-ից մայիսի 5-ը։