Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե և բրոնզե մեդալներ է նվաճել, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 85 կգ ու 88 կգ: Հրում վարժությունում բարձրացրել է 116 կգ, այս վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ:
«Երկամարտի 204 կգ արդյունքով` Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է»,- հավելել են ֆեդերացիայից։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն առաջնության պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ և հրել 155 կգ, երկամարտի 280 կգ արդյունքով` նա 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 30-ից մայիսի 5-ը։
Մոլդովայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գրիգորյանն արծաթե մեդալ էր նվաճել։