Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայ մարզուհին երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք։
Պոկում վարժության արդյունքներով Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 կգ կշռող ծանրաձողն ու այս վարժությունում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել՝ 117 կգ արդյունքով։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելլա Յայլյանը երկամարտում ցույց տալով 193 կգ (90+103 կգ) արդյունք՝ զբաղեցրել է 6-րդ տեղը։
Գրիգորյանը ճանաչվել էր Եվրոպայի 2024 թվականի լավագույն երիտասարդ ծանրորդ:
20-ամյա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ: