Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը (63 կգ) և Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում հանդես գալու իրավունք են նվաճել։
Ասլանյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Անդրեյ Սեմենչուկին։ Ամոյանի մրցակիցը կիսաեզրափակչում Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանն էր, որին հաղթել է 5:1 հաշվով։
Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։
Այսօր ավելի վաղ Ամոյանը 9։1 հաշվով հաղթել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկին։
Ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (61 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ էին նվաճել։ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ էր նվաճել։