Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հանձնարարել է ֆուտբոլային հանրության հետ քննարկումներ սկսել՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, «ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու նպատակով, գրել է «Փաստ»-ը։
Ըստ թերթի՝ իշխանություններն առաջարկվող քննարկումները կանցկացնեն նաև ֆուտբոլային հանրության և երկրպագուների շարժումների ներկայացուցիչների հետ։
Լրատվականի համաձայն՝ մարտի 20-ին Երևանում կայացած Վրաստանի հավաքականի հետ խաղից հետո վարչապետը «շատ կոշտ տոնով» պահանջել է ՀՖՖ ներկայիս ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Մելիքբեկյանը Փաշինյանին համոզելու համար, որպես փաստարկ, օգտագործել է 2029 թվականի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու Վրաստանի հետ համատեղ հայտը, սակայն թերթի պնդմամբ՝ դա որևէ կապ չունի Մելիքբեկյանի անձի հետ։
Թերթը հավելել է, որ Մելիքբեկյանն իշխանություններին առաջարկել է իր հրաժարականի հարցը դիտարկել ապրիլի 3-ից հետո, երբ կայանա ՈւԵՖԱ-ի 49-րդ համագումարը։
«Բանն այն է, որ Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթը հիշեցրել է, որ 2019 թվականի դեկտեմբերին Մելիքբեկյանի՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց ի վեր, Հայաստանի հավաքականը 10 հաղթանակ է տարել, 10 ոչ-ոքի խաղացել և 30 անգամ պարտվել։ Թերթն ընդգծել է, որ այս 30 պարտություններից 22-ը թիմը կրել է վերջին երեք տարիներին։ 2022 թվականից Հայաստանի հավաքականը խփել է 26 գնդակ, բաց թողել 74-ը։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Մարտի 23-ին Թբիլիսիում կայացած պատասխան խաղում Հայաստանի հավաքականը զիջել էր 1։6 հաշվով։