Հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը մեկնաբանել է Թբիլիսիում մարտի 23-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ 6-1 հաշվով ավարտված Վրաստան-Հայաստան պատասխան խաղի արդյունքները։ Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «հայկական ֆուտբոլը քանդելու մեջ» է մեղադրել։
«Մեկ տարի առաջ առաջադրվել էի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ ընտրվելու 1% շանս չունեմ։ Այսքան ժամանակ լռել եմ, բայց այլևս չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։ Այդ ժամանակ (ընտրության փուլում-խմբ․) ինձ ասում էին՝ Օզբիլիսը մենեջերի փորձ չունի, մինչդեռ հենց այդ հարցում դուք «պռավալ» եք տալիս։ Այն, որ ֆուտբոլից ոչինչ չեք հասկանում, բոլորին է պարզ, բայց դուք մենեջմենթին էլ չեք տիրապետում»,- ՀՖՖ-ին ուղղված տեսաուղերձում ասել է ֆուտբոլիստը՝ ֆեդերացիային մեղադրելով ձախողված կառավարման մեջ։
Օզբիլիսի խոսքով՝ ամենավատն այն է, որ «հույսն ու հավատն է կորում»։
«Ֆուտբոլում կարող ես պարտվել կամ հաղթել, բայց այս պարտությունն այն ամենի հետևանքն է, ինչն արդեն երկար ժամանակ կատարվում է հայկական ֆուտբոլում։ Գիտակցելու և փոփոխություններ անելու ժամանակն է»,- եզրափակել է նա։
2023-ի դեկտեմբերին Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել էր ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Օզբիլիսն ստացել էր 3 կողմ ձայն, Մելիքբեկյանը՝ 20։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։
Մարտի 23-ին՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո, Մելիքբեկյանը ներողություն էր խնդրել երկրպագուներից։ Հայաստանի հավաքականի երկրպագուները հանդիպման ժամանակ «Դինամո Արենայում» բողոքի ակցիա էին անցկացրել՝ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։ Նրանք վանկարկել էին՝ «Մելիքբեկյան, հեռացի՛ր»։