«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
61-ամյա նիդերլանդացի մարզչի օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ-ից հավելել են, որ մարզիչն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թվականի մարտի 1-ից:
Սխիպը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 42 գոլի հեղինակ է դարձել։ Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987)։ Նա ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի (1986-1987) և ՈւԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:
2024-ի հոկտեմբերին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հոկտեմբերի 31-ին միացել էր երկրպագուների՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին: Նոյեմբերի 1-ին «Ուրարտու» ակումբը ՀՖՖ-ին մեղադրել էր անարդյունավետության մեջ և միացել Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբների՝ ՀՖՖ ղեկավարությանը պաշտոնանկ անելու պահանջին: Նոյեմբերի 1-ին «Նոա» և «Ուրարտու» ակումբների հանդիպման ժամանակ երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով: