Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։ Ընդհանուր առմամբ՝ պաշտոնական խաղերում նա «Փյունիկում» մասնակցել է 181 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։
2016 թվականի ամռանը Հարոյանը տեղափոխվել էր իրանական «Փադիդե» ակումբ, որտեղ 1 տարի հանդես գալուց հետո կարիերան շարունակել էր Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հետագայում հայ ֆուտբոլիստը հանդես էր եկել ռուսական «Տամբովում», ղազախական «Աստանայում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ 2021-22թթ. նա ելույթ էր ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել էր 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։
2021 թվականի տարեվերջին ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցմամբ՝ Հարոյանը ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարոյանի նախորդ թիմը՝ Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Ցինդաո Վեսթ Քոսթն» էր, որտեղ նա ելույթ էր ունեցել 2024 թվականի փետրվարից։
Հարոյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011 թվականի օգոստոսին Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտն էր նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում մինչ օրս անցկացրել է 89 հանդիպում և խփել 4 գոլ։ 2021 թվականից նա հանդիսանում մեր ընտրանու ավագը։