«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ քաղաքացու ահազանգի հիման վրա տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն ստուգում են իրականացրել «Լաստ Առ» ՍՊԸ-ին պատկանող «Լաստ Պանրատուն» իրացման կետում՝ ԳՈՒՄ-ի շուկայի հարակից տարածքում։
Ստուգման արդյունքում, ըստ տեսչական մարմնի հաղորդագրության, կաթնամթերքի պահման հետ կապված բացահայտվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։
Բացի այդ, պանիրը չի պահվել մանրէների բազմացումը բացառող ջերմաստիճանում, պանիրը, ձուն, կաթնաշոռը, հալած յուղը, կաթի սերը, կարագը չեն ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, չեն պահվել համապատասխան պահման պայմաններում, դրված են եղել անմիջապես հատակին։
Նշվում է, որ իրացվող սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա բացակայել են պիտանիության ժամկետի վերաբերյալ նշումները։ Ըստ հաղորդագրության՝ նշված ապրանքների ոչնչացման համար կկազմվի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով: