Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ի գրառմամբ շարունակել է պնդել, որ իր իշխանության օրոք մարդիկ 50% -ով լավ են ապրում։
Վարչապետն անդրադառնալով իրեն հակադարձողներին՝ նշել է, որ մարդանց կյանքի լավ լինելու մասին են վկայում, օրինակ, որ հուլիսի 27-ին միայն Սևանի ափին ավելի քան 50 հազար մարդ կար, Երևանի և հանրապետության ռեստորաններում տեղ ու դադար չկա, իսկ Եվրոպական միության երկրներ տուրիստական վիզաներ ստանալու հերթերը ձգվում են երբեմն 6-7 ամիս, ուստի տրամաբանական չէ իր պնդումներից նյարդայնանալը։
Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է ընդամենը 75 հազար դրամ, 2025թ. հունվարին միջին ամսական աշխատավարձն էլ կազմել է մոտ 278 հազար դրամ՝ ըստ պաշտոնական տվյալների: Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ այդ տվյալների վրա հիմնված վերլուծությունների, այս տարվա համար կազմում է ամսական կտրվածքով շուրջ 75 800 դրամ։
Տնտեսագետները նկատում են, որ նվազագույն աշխատավարձը դեռևս չի համապատասխանում ապրուստի նվազագույն պահանջներին և ցածր է հիմնական ծախսերի համար՝ նույնիսկ առանց ծախսային աճի սեղմման։
Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե հնարավոր համարո՞ւմ են արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք ապահովել Հայաստանում։
Քաղաքացիներից մի կին պատասխանել է, որ աշխատավարձը չի բավականացնում, սակայն փորձում են հարմարվել։
«Հիմա ամբողջ ընտանիքով աշխատում ենք, ես թոշակառու եմ, եթե իմ տան անդամները չլինեն, ես իմ 40 000 դրամով ոչինչ անել չեմ կարող»,- ասել է նա։
Հարցվողներից մեկի խոսքով՝ արդար աշխատավարձով արժանապատիվ կյանք հնարավոր է ապահովել, եթե այդ աշխատավարձը բավարարի պահանջներին։
«Եթե աշխատանքին համապատասխան վարձատրվեն, իհարկե, կարող է արժանապատիվ կյանք վայելել»,- նշել է նա։
Քաղաքացիներից մեծ մասի կարծիքով՝ աշխատավարձը շատ քիչ է, աշխատում են, սակայն չեն հասցնում, մյուսների կարծիքով՝ պետք է աշխատես տքնաջան։
«Թասիբ ունես, քյասիբ չես մնա։ Հնդկաստանից կարող են էստեղ աշխատել, մենք չե՞նք կարող»,- նշել է մի տղամարդ։
Մի կնոջ խոսքով էլ՝ սեփականատերերը պետք է աշխատավարձերը ճիշտ բաշխեն, և միայն իրենց գրպանի մասին չմտածեն։ Մյուսն էլ ընդգծել է, որ կախված է ոլորտից, և եթե մարդը ձգտում ունի, աշխատավարձն էլ բարձր կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։