Այսօր՝ հուլիսի 27-ին` Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ բացման արարողության առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին՝ գոհություն մատուցելով առ Բարձրյալն Աստված, որ հայոց հոգևոր կենտրոնում՝ Սուրբ Էջմիածնում, մեր ժողովրդի հոգևոր մխիթարության, հավատքի զորացման նվիրական մի նոր սրբատեղի հառնեց։
«Դամբարանը գալիք սերունդներին յուրովի հիշեցնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսների հոգեխնամ առաքելության մասին, որով բարեզարդվել ու ծաղկել է համայն մեր ժողովրդի ազգային և եկեղեցական անդաստանը։ Մեր Սուրբ Եկեղեցու երջանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոսների ծառայությունը լի է եղել զոհողությամբ, Քրիստոսապատգամ սիրո, արդարության և ճշմարտության քարոզչությամբ, բայց նաև հայրական հորդորով ու քաջալերությամբ՝ ապրելու և արարելու առ Աստված հավատով հանուն ազգի ու հայրենյաց»,- ասաց նա։
Կաթողիկոսի խոսքով՝ երանաշնորհ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար՝ ծառացած դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու։
Դիմելով ներկաներին՝ Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում, երբ տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները, այսպիսի եկեղեցական շինությունները, սրբավայրերն ու ուխտատեղիները իրենց կրոնական և ծիսական կարևոր նշանակությամբ հավատքի զորացման, հոգու փրկության և աստվածահաճո կյանքի ամրապնդման օրհնաբեր օջախներ են։
«Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մատուռներով, որտեղ պաշտամունքային արարողություններ են մատուցվելու, և հավատացյալներն իրենց սրտառուչ հայցն ու աղոթքն են վերառաքելու Տիրոջը։ Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», – իր խոսքում ասաց Վեհափառ Հայրապետը։
Արարողության մասնակիցները Մայր Տաճարում ներկա գտնվեցին Պայծառակերպության տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։