«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտնել է հաճախակի վթարային անջատումների պատճառները։
Ըստ հաղորդագրության՝ ընկերության էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում:
«Այս իրավիճակը հետևանք է տարիներ շարունակ վարած կառավարման սխալ քաղաքականության և/կամ ցանցի վերազինմանն ուղղված նախաձեռնությունների գրեթե իսպառ բացակայության, ինչի արդյունքներն զգացվում են արդեն այսօր՝ հաճախակի դարձած վթարային անջատումներով և դրանց վերացմանն ուղղված անհետաձգելի գործողությունների ժամանակատարությամբ և ընդգրկումով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ընկերության էլեկտրատնտեսության շատ սարքավորումներ սպառել են իրենց օգտագործման ողջ ռեսուրսը և պիտանիության ժամկետները։
Ըստ ընկերության՝ եթե առաջացած վթարները և էլեկտրամատակարարման խաթարումները պայմանավորված չեն մարդածին սխալներով, ապա ՀԷՑ-ի օպերատիվ տեխնիկական անձնակազմերը 24-ժամյա աշխատանքային ռեժիմով իրականացվող հերթապահության շնորհիվ հնարավորինս արագ արձագանքում են դրանց և սեղմ ժամկետում ձեռնամուխ լինում էլեկտրամատակարարման վերականգմանը:
Մնացած բոլոր դեպքերում, ըստ հաղորդագրության, իրականացվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքները կարող են օբյեկտիվորեն ավելի երկար ժամանակ պահանջել։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նա հուլիսի 21-ին հայտնել էր, որ ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։ Հուլիսի 24-ին Պետրոսյանը ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նշանակումներ էր կատարել։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել էին Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը՝ ՀԷՑ ընկերության պետականացման հարցով։ ՀՀ կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
Կարդացեք նաև՝