«Վեոլիա ջուր» ընկերությունը մեկնաբանել է Երևանում ջրամատակարարման հետ կապված խնդիրները։
Ըստ ընկերության՝ վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:
Նշվում է, որ առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը:
«Այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ»,- ասվում է հաղորդարգության մեջ:
Ընկերությունից նաև մանրամասնել են, որ նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից, և տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:
«Վեոլիա ջրից» հավատացրել են, որ ամենօրյա աշխատանք են կատարում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: