«Տաշիր Պիցցան» շրջանառությունից հետ է կանչել այն ուտեստները, որոնցում ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է բակտերիաներ, Armenia Today-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Այսպես է մեկնաբանել «Տաշիր Պիցցան» ՍԱՏՄ-ի հունիսի 11-ի հաղորդագրությունը, ըստ որի «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող ցանցի պիցցերիայում աղցանների («Ցեզար» և «Մայրաքաղաքային») զննման արդյունքում հայտնաբերվել են մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ բակտերիաներ և աղիքային ցուպիկի խմբի բակտերիաներ։
Ընկերությունը շեշտել է, որ այս ռեստորանում զննումն իրականացվել է տեսչության հետ տարեկան պլանային համագործակցության շրջանակներում, սակայն դրա արդյունքների մասին տեղեկատվություն ստանալուց հետո «անմիջապես սկսվել է ներքին հետաքննություն»։ Բաղադրիչների մատակարարները ենթարկվում են լրացուցիչ զննման, իսկ աշխատակիցներին հանձնարարվում են սանիտարական չափանիշների վերաբերյալ հրահանգներ, պարզաբանել են նրանք։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս գործընթացների թափանցիկությանը և մեր հյուրերի առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքին, ուստի այս զննումը նախաձեռնել ենք մենք՝ արտադրանքի համապատասխանությունը հայտարարված որակի չափանիշներին երաշխավորելու համար»,- վստահեցրել են «Տաշիր Պիցցա»-ից։