Ադրբեջանցիների կողմից հունիսի 6-ին Սյունիքում անչափահաս տղաներին առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԱԾ-ն։
«Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում»,- պարզաբանել է գերատեսչությունը։
Հունիսի 6-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ ԱԱԾ տվյալներով՝ 17-ամյա երիտասարդներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են մարզի Արավուս գյուղի հարակից հատվածի տեղանքում։ Դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ առևանգման հատկանիշներով։
Նույն օրը երեկոյան ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ տղաները հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում։