Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի խոսքերը և անդրադարձել հոգևորականներին։
«Կուսակրոնության խախտումը եկեղեցական ատյանին է վերաբերում։ Իշխանությունները դատավոր չեն։ Եթե հոգևորականը, ենթադրենք, որևէ եկեղեցական զանցանք է գործել, այդ հարցերը եկեղեցու ներքին կառավարման տիրույթում են։ Ձեզ ի՞նչ՝ կուսակրոնը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Դա ձեզ չի վերաբերում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում։ Քրեական հանցանք է գործել հոգևորականը, բռնեք, դատեք, կուսակրոնության խախտումը Քրեական օրենսգրքում իբրև քրեական հանցանք կա՞, ձեր ի՞նչ գործն է, թե եկեղեցական ատյանն ինչ որոշում կկայացնի»,- 24News-ի եթերում նշել է արքեպիսկոպոսը, ում խոսքերը մեջբերել է Փաշինյանը։
Աջապահյանը հավելել է, որ իշխանության գործը «բամբասանքն ու զրպարտությունն է»։
Մեկնաբանելով Աջապահյանի՝ կուսակրոնության մասին խոսքերը՝ նա ընդգծել է, որ «բարձրաստիճան հոգևոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է»։
«Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է ազատեն մեր հոգու տունը։ Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։ Իսկ դուք պղծում եք այդ տունը կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով»,- գրել է վարչապետը։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։