«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ժամկետային զինծառայությունից փողի դիմաց ազատվելու նախագիծը բուռն քննարկվել է մայիսի 27-ի կուսակցության վարչության նիստի ժամանակ, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ «կողմ» և «դեմ» տեսակետները խաչվում են իրար, բայց նախագիծը ռիսկային է:
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է կոնկրետ քննարկումներ ունենալ, որ նախընտրական փուլում նախագիծն իրենց վարկանիշի վրա վատ ազդեցություն չունենա: Այդ պատճառով մայիսի 29-ին Պապիկյանն ԱԺ է գնալու՝ ՔՊ խմբակցության փակ նիստին մասնակցելու, որտեղ պետք է Սարգսյանի մասնակցությամբ քննարկում կայանա:
«Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Սարգսյանը մայիսի 27-ին իր աշխատասենյակում պատգամավորների խմբեր է ընդունել՝ փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն ապարդյուն։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։