Կառավարությունը պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացնի սնանկացած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 22-ի նիստի ժամանակ։
Ըստ հիմնավորման՝ ընկերությանը 2024թ․ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տրամադրված 1,7 միլիարդ դրամի դրամաշնորհը չի ներառել 2024թ. շահութահարկի գումարը, քանի որ դրա վճարման ժամկետը 2025թ. ապրիլի 20-ն էր, և նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024թ. տարեվերջ, սակայն լուծարման հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, և չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված աշխատանքները:
2024-ի օգոստոսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր հանձնարարությամբ ԱՆԻՖ-ում տեղի ունեցած ձախողումների հարցով ուսումնասիրություն է սկսվել, և այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործ կա։ Air Arabia ավիաընկերության և ԱՆԻՖ կողմից էր հիմնադրվել Fly Arna ավիաընկերությունը, որն այլևս չի գործում։
ԶԼՄ-ներն «ընկերության ձախողումը կապել էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ էր հանդիսացել, որ ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում»: 2024-ի հուլիսին միջազգային ԶԼՄ-ները գրել էին, որ Air Arabia-ն Fly Arna ավիաընկերության առնչությամբ Հայաստանի դեմ հայց կներկայացնի։
Ավինյանը 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր։ ԱՆԻՖ-ում չարաշահումների, իր կողմից պարտականությունները չկատարելու մեղադրանքներին անդրադառնալով՝ նա հերքել էր դրանք՝ նշելով, որ ԱՆԻՖ-ը ճիշտ է կատարել առաջադրված խնդիրները։
Ապրիլին Ավինյանը հայտարարել էր, որ իր հետ կապված իրավական գործընթաց չկա և չի կարող լինել՝ հերքելով տեղեկությունը, ըստ որի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով պատրաստվում է մեղադրանք առաջադրել իրեն։