Երևանում փետրվարից 1-ից թանկացել է հանրային տրանսպորտի ուղեվարձը, ուժի մեջ է մտել նոր միասնական տոմսային համակարգը։ Նախկին 100 դրամի փոխարեն ուղևորն այժմ մեկանգամյա երթևեկության համար վճարում է 150 դրամ: Կան նաև տարբեր փաթեթներ և զեղչեր ուսանողների, դպրոցականների, նպաստառուների և թոշակառուների համար:
Քաղաքապետարանը նշում է, որ թանկացումը պայմանավորված է տրանսպորտային համակարգի բարեփոխումներով:
Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի բնակիչներից հետաքրքրվել է, թե նկատո՞ւմ են տրանսպորտի բարեփոխում, ի՞նչ փոփոխություններ կուզենային տեսնել առաջիկայում։
Հարցվածների մեծ մասն ասել է, որ չի նկատում որևէ դրական փոփոխություն, ավելին՝ տրանսպորտի որակը վատթարացել է։
«Ոչ, ավելի է վատանում»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Մյուսի խոսքով՝ ավտոբուսների քանակն ավելացել է, սակայն սա ևս չի բերել իրավիճակի բարելավման․ ավտոբուսները «շատ անհարմար են», «կանգառներում էլ երկար են սպասում»։
«Նորից խցկված ենք, չվճարողն էլ չի վճարում»,- հավելել է նա։
Երևանի բնակիչներից մեկն իր դժգոհությունն է հայտնել ավտոբուսի մեկանգամյա կտրոնների մասով, որոնց օգտագործման ժամկետը սահմանափակ է․ «Ես քիչ եմ օգտվում տրանսպորտից, ստիպված 2 հատ եմ գնում։ Օրեր առաջ գնել էի, տրանսպորտ չկար, ստիպված տաքսի նստեցի, իսկ այդ կտրոնները մնացին։ 1 ամիս է անցել, երբ էլ նստեմ, դրանք եմ տալու»։
Հարցման մասնակիցների մեջ կային նաև մարդիկ, որոնք տրանսպորտի բարեփոխում նկատել էին:
«Ավելի նորմալ է գալիս, լիքը չէ»,- նշել է նրանցից մեկը։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում