Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին հաջորդել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի ելույթը, որը վերածվել է վիճաբանության և քաշքշուքի։
Մեկնաբանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ Քոչարյանը նրան զգուշացրել է չսպառնալ ընդդիմադիր պատգամավորներին։ Ավելի վաղ Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին հորդորել էր ոչ պաշտոնական ձևով չդիմել վարչապետին, հակառակ դեպքում՝ «նրան կվռնդի դահլիճից»։
Քոչարյանը ելույթի ժամանակ անդրադարձել է իշխանության հայտարարություններին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած մեղադրանքներին։ Նա խոսել է նաև իր հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Փաշինյանի քննադատությունների մասին։
«Ընդդիմադիր գործընկերներիս նայելով՝ ասաց համբալներ։ Հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, գնաց Մոսկվա, տեսե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալը։ Կամ Սիմոնյանը, որն իմ կին գործընկերոջն ասում է՝ դուրս կշպրտեմ դահլիճից։ Սիմոնյանը թող ուշադիր լինի, երբ իրեն դուրս շպրտեմ իր տեղից՝ բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,- ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ տարիներ շարունակ իշխանությունը ուռճացված լուրեր է պատմում իր ընտանիքի մասին։
Վերջինիս հայտարարություններից հետո արտահերթ ելույթ է ունեցել Արշակյանը և ի պատասխան նրա խոսքերի՝ Քոչարյանին հորդորել «չափը ճանաչել»։
«Լևո՛ն Քոչարյան, չափերդ ճանաչի, արա՛, այ տղա։ Արա Լևո՛ն, նստի տեղդ ու լսի ինչ եմ ասում։ Ժողովուրդը Ռոբերտ Քոչարյանի մասին ասում է՝ թուրք է, բայց մենք ԱԺ ամբիոնից երբեք դա չենք ասում՝ պահպանելով կոռեկտության սահմանները։ Նաև ասում են՝ անհայրենիք դավաճան են, ընտանիքով (ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքը-խմբ․) Արցախը պատերազմական իրավիճակում լքել են, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել»,- ասել է Արշակյանը։
ԱԺ փոխխոսնակի խոսքերին տեղից արձագանքել է Քոչարյանը, Արշակյանն էլ, ի պատասխան, ասել, թե «կհանի և դահլիճից դուրս կշպրտի նրան, քանի որ նա խանգարում է իր ելույթը»։
Արշակյանի և Քոչարյանի բանավեճից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր պատգամավորներն իրենց տեղից դուրս են եկել և ԱԺ-ում վեճ է սկսվել, իսկ Արշակյանն ամբիոնից գործընկերներին զսպվածության կոչ էր անում։
ԱԺ-ում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվել է, և Արշակյանը շարունակել է իր ելույթը, որտեղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրել է «բանակի ողնաշարը կոտրելու մեջ»։