Հայաստանի 1101 քաղաքացիների մոտ 86%-ը մինչ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը անհրաժեշտ է համարում փաստաթղթի բովանդակության հրապարակումը, վկայում են ապրիլի 29-ից մայիսի 2-ն իրականացված հարցման արդյունքները, որոնք մայիսի 6-ին հրապարակել է Հայաստանում GALLUP-ի անդամ ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը։
Հարցմանը մասնակցածների 73,3%-ը կարծում է, որ ՀՀ քաղաքացիները պայմանագիրը ստորագրելուց առաջ միանշանակ պետք է ծանոթանան փաստաթղթին և իրենց համաձայնությունը տան դրույթներին և բովանդակությանը։ 13,3%-ը «ավելի շուտ այո» է պատասխանել փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու հարցին, «ավելի շուտ ոչ»՝ 5,3%-ը։ Պայմանագիրը հրապարակելուն և դրան ծանոթանալուն միանշանակ դեմ է հարցվածների 6,5%-ը, հարցին դժվարացել է պատասխանել 2,1%-ը։
Քաղաքացիների մեծամասնությունը՝ 31,1%-ը, կարծում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի ղեկավարության կողմից Ռուսաստանի միջնորդական օգնության դուրսբերումը ընդհանրապես բացասական է ազդել բանակցային գործընթացի վրա։ «Ավելի շուտ բացասական» է գնահատել 24,5%-ը, «ավելի շուտ դրական»՝ 19,1%-ը։ Փաստաթղթի բովանդակությունը նախքան այն ստորագրելը հրապարակելուն լիովին դրական է վերաբերվում հարցվածների 10,7%-ը, հարցին դժվարացել է պատասխանել 9,6%-ը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին Միրզոյանը մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։