Երևանն ու Մարսելը նոր էջ են բացել իրենց համագործակցության մեջ, քաղաքապետեր Տիգրան Ավինյանն ու Հայաստանում գտնվող Բենուա Պայանն ստորագրել են եղբայրական կապերի հաստատման մասին փոխադարձ հռչակագիր, հայտարարել է Ավինյանը։
«Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր»,- գրել է Ավինյանը։
Երևանի քաղաքապետը վստահություն է հայտնել, որ ստորագրված հռչակագիրը կդառնա այնպիսի ծրագրի հիմք, որը կվերացնի ձևականությունները և կդառնա գործնական արդյունքների ու փոխշահավետ նախագծերի հարթակ։
«Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- եզրափակել է նա։
Մայիսի 2-ին Պայանը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Նա այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն, սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն։ Մայիսի 4-ին նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: