Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 2024 թվականի համեմատ 2025-ին 11 միավորով բարելավել է դիրքերն ու 180 երկրների շարքում հայտնվել 34-րդ հորիզոնականում,
տեղեկանում ենք «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության հրապարակած սանդղակից։
2024 թվականին Հայաստանն զբաղեցնում էր 43 հորիզոնականը։
Կազմակերպությունը նշել է, որ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում նսեմացվում է։
RSF-ի համար ԶԼՄ-ների նկատմամբ ատելության խոսքը Հայաստանում անհանգստացնող է։ Նրանք մատնանշել են իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ ունեցած հռետորաբանության մասին։
«Քաղաքական վերնախավը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց քաղաքական հակառակորդներին ծառայելու մեջ, անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց կողմնակիցների կողմից՝ լինի խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,- ասված է հայտարարության մեջ։
2024-ի մայիսին կազմակերպությունը
հայտարարել էր, որ Հայաստանում քաղաքական ուժերի բևեռացումը հանգեցրել է ԶԼՄ-ների բևեռացման, որի ներքո երկրում լրագրողները ենթարկվում են հետապնդումների։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցներում Հայաստանը 2022 թվականին
զբաղեցրել էր 51-րդ տեղը, իսկ 2023-ին՝ 49-րդ։ Freedom House-ը 2024 թվականի ապրիլին Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից
իջեցրել էր 2,25-ի՝ պայմանավորված գործադիր իշխանության ամրապնդմամբ։