2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է 43,5 տոկոսով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4,2 միլիարդ դոլար եկամուտ է ունեցել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Քաղաքացու օրվան նվիրված իր շնորհավորանքում։
Նրա խոսքով՝ 2018-ի հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և երեք ատյանի դատարան, ապօրինի գույքի բռնագանձման և համայնքային շահերի պաշտպանության ինստիտուտ։ Նա նշել է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված, իսկ ցանցային կոռուպցիայի դեմ մղվում է ամենօրյա պայքար։
«Քաղաքացու օրը պետության ու պետականության մասին է, որովհետև չկա քաղաքացի՝ առանց պետության, որովհետև պետությունն է քաղաքացու ինքնությունը։ Հայաստանում 2018-ից հետո ոչ միայն որևէ մակարդակի ընտրություն չի կեղծվել, այլև մոռացվել է նույնիսկ երբևէ նման երևույթի գոյություն ունեցած լինելու փաստը»,- նշել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացին ազատ է․ հավաքների, խոսքի, մամուլի ազատությունը երաշխավորված է այն աստիճան, որ շատ քաղաքացիներ դա համարում են սպառնալիք իրենց ազատությանը։
Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո «այս նրբության շուրջ կաթիլ-կաթիլ լարվածություն է կուտակվել, որովհետև հեղափոխության առանցքային իմաստը պիտի լրումին հասնի, քանի որ հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»։
«Սա ճանապարհ է, որն անցնելով՝ կկարողանանք ապահովել մեր բարձրագույն նպատակը՝ մեր անկախ պետության՝ Հայաստանի հարատևությունը։ Այդ ճանապարհն անցնում է արտաքին և ներքին քաղաքականության բարդ հանգույցների, երբեմն փլուզումների և ողբերգությունների միջով։ Սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է՝ անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, և այդ ճանապարհն անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի»,- ասել է վարչապետը։
Քաղաքացու օրն ստեղծվել է Փաշինյանի կողմից՝ 2018թ․ հեղափոխությունից հետո։ Նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։