«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան»,- ասվում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Քամալա Հարիսի գրառման մեջ։
«Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Հարիսը ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի մրցակիցն էր վերջին նախագահական ընտրություններում:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։