Ընտրվել է կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր (ID) արտադրող ընկերությունը, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։
Ըստ հաղորդագրության՝ միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումին հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշմանը։
Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ 2026թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
«Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի դեկտեմբերին իշխանությունները հայտարարել էին, որ կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի, մինչև ժամանակակից տեխնոլոգիաներին և անվտանգությանը համապատասխանող անձնագրերի համակարգի ստեղծումը։ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը հաստատել էր մասնավոր ընկերությանը նման անձնագրերի նոր համակարգ ստեղծելու լիազորություն տալու մասին որոշումը։