Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի խնդրանքով նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս բարդ իրավիճակում աջակցել են իրենց ընտանիքին և մի դրվագ է պատմել Վարդանյանի կյանքից։
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեր աջակցության, զորակցության և նամակների համար։ Այդ աջակցությունը մեծ ուժ է տալիս մեզ՝ հավատալու, որ ամեն ինչ լավ է լինելու, և մենք կկարողանանք հաղթահարել դժվարությունները, որոնց բախվում ենք»,- տեսաուղերձում ասել է Զոնաբենդը։
Նա պատմել է, թե ինչպես է ընկերների աջակցությամբ Վարդանյանը հաղթահարել բարձրության վախը, որն առաջացել էր տասը տարեկանում ընկնելու հետևանքով։
Կնոջ խոսքով՝ Վարդանյանը հրաշքով էր փրկվել ու տարիներ անց, երբ բիզնեսում մեծ ռիսկի էր դիմել, գործընկերներին բարձրության վախը հաղթահարելու խոստում էր տվել։
«Որպեսզի մարդիկ հավատան, որ կարող են անհնարինը հնարավոր դարձնել ու հաղթահարել վախը, Ռուբենը խոստացել էր թռչել օդապարիկից։ Բարեբախտաբար, նա իր գործընկերների կողմից ստացավ այդ աջակցությունը և կատարեց իր խոստումը»,- եզրափակել է Զոնաբենդը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։