«Հանրային ձայն» խմբակցության ավագանու նախկին անդամ Անուշ Գինոսյանն Armenia Today-ին մեկնաբանեց ԴՕԿ նախագահ Վարդան Ղուկասյանին ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինների կողմից բերման ենթարկելու մասին փետրվարի 28-ին տարածված լուրը։
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այնքան հիմար է, որ իր ձերբակալվածների վերաբերյալ տեղեկատվությունը բաց տեքստով հրապարակի։ Դա գաղտնի տեղեկատվություն է։ Այս օրերին տարբեր տեղեկություններ են տարածում ծեծի, առևանգելու, հիվանդանոցում գտնվելու վերաբերյալ, բայց ես իր հետ մինչ փետրվարի 21-ն եմ խոսել, ոչինչ չգիտեմ»,- նշեց նա։
Գինոսյանը քննադատեց համացանցում Ղուկասյանի անհետացմանն աջակցող գրառումները։
«Զարմանում եմ մարդկանց մտքի թռիչքի, ինչպես նաև Ղուկասյանի մահը ցանկացողների վրա, դա ձեզ ի՞նչ է տալու։ Այդ մարդը, մեր՝ ավագանիների միջոցով շատերին է օգնել, հաշմանդամություն ունեցող երեխաներին, անտուն մնացածներին և այլն, ինչի՞ եք այդքան չարացած»,- նշեց նա։
Armenia Today-ի խնդրանքին՝ պարզաբանել, թե Ղուկասյանի մայրը որևէ տեղեկություն ունի՞ որդու գտնվելու մասին, Գինոսյանը պատասխանեց, որ վերջինիս հարազատների հետ որևէ կապ չունի։
USArmenianews.com-ը հայտնել էր, որ փետրվարի 20-ի երեկոյան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ կայքի՝ Ղուկասյանն ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում, նրա առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ԴՕԿ կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը փետրվարի 21-ին մանրամասներ էր հայտնել կուսակցության առաջնորդ, բլոգեր Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին
Փետրվարի 27-ին ԴՕԿ կուսակցությունը հայտնել էր, որ 6 օր է, ինչ Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ Հայտարարությունում ասվում էր, որ փոխանցված տեղեկությունները, ըստ որոնց նա գտնվում է հիվանդանոցում, չեն հաստատվում, ինչը խորացրել է նրա անհետանալու փաստը։ Հունվարի 28-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները բերման են ենթարկել Ղուկասյանին։
Հունվարի 20-22-ը MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման համաձայն, եթե հաջորդ կիրակի անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, վիդեոբլոգեր Ղուկասյանի կուսակցությունը կգերազանցեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կունենար ամենացածր վարկանիշը երբևէ կատարված հարցումներում։