Փետրվարի 20-21-ը փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փրկարարները օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։
Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի 20-ից 21-ն արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։
Փետրվարի 20-ից Հայաստանի մարզերում և Երևանում ձյան առատ տեղումներ են արձանագրվել։ Երևանում առատ ձյան պատճառով դժվարությունների էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը։ Ձյան տեղումների հետ կապված ԱՊՊԱ պայմանագրերն սպասարկող 6 ապահովագրական ընկերություններ 1 օրում ավելի քան 1000 վթար էին գրանցել։