Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ, ուղիղ եթերում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ քաղաքում ձնամաքրման աշխատանքների հետ կապված դժվարություններ կան։ Ավինյանը հորդորել է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։
«Երևանի քաղաքապետարանի շուրջ 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում, ցանում է աղ, ավազ և դա իրականցանելու է շուրջօրյա։ Առավոտյան ժամը 6-ից մեր աշխատակիցներն սկսելու են աշխատել մայթերը մաքրելու վրա»,- ասել է Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երևանում շարունակվող ձյան առատ տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։
Քաղաքապետարանից նշել են, որ մաքրման աշխատանքներն ընթանում են արտակարգ ռեժիմով։
«Տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից հավելել են, որ քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մինչև ժամը 22։30-ը Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։
Երևանում առատ ձյուն է տեղում, ինչի հետևանքով խցանումներ են առաջացել, հանրային տրանսպորտը նորմալ չէր աշխատում։