Flyone Armenia-ն ընդգրկվել է Մոլդովայում արգելված ավիաընկերությունների ցանկում, հայտնում է KP Moldova-ն։
Նշվում է, որ Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության համապատասխան հրամանը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 19-ին, ներառում է աշխարհի ավելի քան 130 ավիաընկերությունների ցանկ։
Նախարարության հրամանը տրվել է Եվրահանձնաժողովի կանոնակարգի ընդունումից հետո։
FlyOne Armenia-ն շաբաթական 4 անգամ կանոնավոր չվերթեր էր իրականացնում Երևան-Քիշնև երթուղով։
Մոլդովայում հունվարի սկզբին հանրային քննարկման էր ներկայացվել «Մոլդովայի տարածքում շահագործման արգելման ենթակա ավիափոխադրողների ցանկը հաստատելու մասին» նախագիծը։ Ցուցակում ներառված էին նաև ավիաընկերություններ Ռուսաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից, Կոնգոյից, Իրանից, Լիբիայից և Սուդանից։
Փաստաթղթի հիմնավորման մեջ պարզաբանվել էր, որ այս ցանկում ընդգրկված ավիաընկերություններին կարող են թույլատրել թռիչքներ իրականացնել, եթե նրանք օգտագործում են արգելքի տակ չգտնվող ավիափոխադրողի վարձակալված ինքնաթիռներ։